Օսկար Ուայլդի լոնդոնյան բնակարանը, որտեղ նա գրել է իր մի շարք հայտնի ստեղծագործությունները, վաճառքի է հանվել: Թայթ սթրիթի բնակարանը գնահատվել է 2 միլիոն դոլար:
Սպասվում է, որ բնակարանով կհետաքրքրվեն շատ գնորդներ: Նրա ներկայիս տիրուհի դիզայներ Միկա Լին Ուայլդի մեծ երկրպագուհին է: Նա փորձել է մասնակիորեն վերարտադրել ինտերիերը, սակայն որոշ բան էլ փոխել է: Նա սենյակներից մեկը վերածել է լոգարանով ննջասենյակի:
Իր բնակարանում Ուայլդը մի քանի երջանիկ տարիներ է ապրել: Հենց այդ ժամանակ է եղել նրա ստեղծագործական զարթոնքը: Իր սենյակում նա գրել է «Դորիան Գրեյի դիմանկարը»: Այդ ժամանակ են լույս ընծայվել «Լորդ Արթուր Սեւիլի հանցագործությունները», «Քենթերվիլյան ուրվականը» պատմվածքները, «Երջանիկ արքայազնը եւ այլ հեքիաթներ»-ի երկու հատորը, «Սալոմեա» դրաման, կատակերգություններ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Աղմկահարույց դատական գործընթացը վերջ է տվել գրողի կյանքի հանգիստ ընթացքին: 1895 թվականին Ուայլդը զրպարտության հայց էր ներկայացրել դատարանում մարքիզ Քուինսբերիի դեմ, որը նրա մտերիմ ընկեր Ալֆրեդ Դուգլասի հայրն էր: Վերջինս Ուայլդի եւ Դուգլասի հարաբերությունները նրանց տարիքի տղամարդկանց համար անպարկեշտ էր անվանել: Այլասերության մեղադրանքով Ուայլդին դատապարել են 2 տարվա ազատազրկման եւ ուղղիչ աշխատանքների: իսկ Թայթ սթրիթի տունը վաճառվել է:
Բանտն ամբողջովին կոտրել է Ուայլդին: Ընկերների մեծ մասը երես են թեքել նրանից, այդ թվում նաեւ Ալֆրեդ Դուգլասը:
Ազատվելուց հետո գրողը տեղափոխվել է Ֆրանսիա եւ փոխել անունը` դառնալով Սեբաստիան Մելմոթ: Այստեղ էլ նա վախճանվել է սուր մենինգիտից:




























