Գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը գերիշխող է վառելիքի շուկայում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են բենզինի, դիզվառելիքի, տվյալների փոխանցման շուկաներում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ եւ այլ հարցեր:
Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, 2009 թվականի առաջին 9 ամիսներին բենզինի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվել է 5 տնտեսվարող, որոնց կողմից իրացվել է 131.5 հազար տոննա բենզին: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարողը «Ֆլեշ» ընկերությունն է, որը ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի իրացման շուկաներում համապատասխանաբար 42.24 եւ 51.4 տոկոս մասնաբաժիններով վերագրանցվեց գերիշխողների գրանցամատյանում: Հանձնաժողովի այսօրվա մեկ այլ որոշմամբ «Արմինկո» ընկերությունը հանվել է գերիշխողների գրանցամատյանից, քանի որ տվյալների փոխանցման շուկայում կորցրել է գերիշխող դիրքը:




























