Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զգեստը, որով նա ներկայացել է Վագներյան օպերային փառատոնի բացմանը, իսկական ֆուրոր է առաջացրել: Լուսանկարիչները փաստել են, որ նույն զգեստով կանցլերը փառատոնը բացել էր 4 տարի առաջ:

Ինչպես գրում է The Telegraph-ը, Վագներյան օպերային փառատոնի կարմիր գորգին Մերկելը հայտնվել էր երեկոյան նույն կապույտ զգեստով եւ նույն մարգարտե  վզնոցով, ինչպես 2008 թվականին: Շատ լուսանկարիչներ անմիջապես հիշել էին քառամյա վաղեմության լուսանկարների նմանությունը: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  եվրոպական երաժշտական հնագույն փառատոներից մեկը`Վագներյան օպերային փառատոնը բացվել էր չորեքշաբթի` գերմանական Բայրենթ քաղաքում: Հատկանշական է, որ Վագների բազմաթիվ երկրպագուների համար  փառատոնը համարվում է կոմպոզիտորի ծննդյան 200-ամյա հոբելյանի տոնակատարության նախաբան, որը տեղի կունենա 2013 թվականին: