Նոր տարվան հաշված օրեր են մնացել, իսկ մայրաքաղաքի մթերային խանութներում եռուզեռը շարունակվում է, ավելին՝ այն գնալով ավելի ու ավելի մեծ չափեր է ընդունում։ Մարդիկ շտապում են րոպե առաջ ավարտել իրենց ամանորյա գնումները, սակայն, որպես կանոն, մինչեւ դեկտեմբերի 31-ը միշտ ինչ-որ բան չեն հասցնում։

Ինչեւէ, պարզելու համար, թե ինչպե՞ս են պատրաստվում դիմավորել Նոր տարին մեր համաքաղաքացիները, Նոր տարվա գնումների ո՞ր մասն են հասցրել անել եւ ի՞նչ են, առհասարակ, ունենալու իրենց ամանորյա սեղաններին, NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանի փողոցներում։

Ինչպես պարզվեց, ամանորյա ուտեստների առաջատարը եւ Նոր տարվա սեղանի «զարդը», սպասվածի նման, ավանդական բուդն է, որից հայերս ոչ մի կերպ, այնուամենայնիվ, չենք կարողանում հրաժարվել։ «Նեղություն տալով է, պարտքով է, մեկ է, Նոր տարվա սեղանին խոզի բուդ անպայման դնելու ենք, թե չէ առանց դրա սեղանը մի տեսակ դատարկ է երեւում, ճոխ չի լինում»,- նշեց մի կին։ Մեկ ուրիշ անցորդ էլ նկատեց, որ թեպետ դեմ է Նոր տարին «հայավարի», ծանրումեծ դիմավորելու սովորությանը, այնուամենայնիվ իրեն եւս այլ բան չի մնում, քան ամեն ինչ անել «ընդունված կարգի համաձայն»։

Հետաքրքիր է, որ ամանորյա սեղանի ճոխությանը մեծ տեղ են տալիս նաեւ երիտասարդները։ Մի 18-20 տարեկան աղջիկ, օրինակ, ամենայն լրջությամբ նկատեց, որ «Նոր տարվա սեղանի ճոխության համար ավանդական խոզի բուդը պարտադիր է»։ Նույն կարծիքն արտահայտեց նաեւ նրա ընկերուհին։

Հարցվածներից միայն երկու-երեք հոգի նշեցին, որ Նոր տարին դիմավորելու են համեստ ու զուսպ՝ առանց ավելորդությունների։ «Ի վերջո, այս կյանքում ուտելն ամենակարեւորը չէ։ Պարզապես պետք է ուրախանալ, տոնը նշել եւ ոչ թե կենտրոնանալ ուտելու վրա»,- ասաց մի կին՝ ավելացնելով, որ մեծ գումարներ արժե ծախսել ճամփորդությունների, ուսման եւ հետաքրքիր գրքեր գնելու, բայց ոչ երբեք Նոր տարին ճոխ նշելու վրա։ Մեկ ուրիշ կին էլ ասաց, որ այս տարի Նոր տարին դիմավորելու է ընկերների հետ. «Մենք պարզապես խորոված կուտենք եւ վերջ։ Կարեւորն ընկերությունն է»։ Հարցվածներից մի աղջիկ էլ, իր հերթին, նշեց, որ թեպետ իրենց տանը խոզի բուդ չեն պատրաստում, ինքը միշտ դրանից համտեսում է ուրիշների տանը։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն մեր համաքաղաքացիները գալիք՝ Վագրի տարվանից, գրեթե բոլոր հարցվածներն էլ նշեցին, որ մեծ հույսերով են դիմավորելու 2010-ը։ «Կարեւորը, որ գալիք տարում անհաղթահարելի իրավիճակներ չլինեն։ Մնացած ամեն ինչ մարդու համար է. մի օր լավ կլինի, մի օր վատ…»,- նշեց նրանցից մեկը։