Քաղաքականության մեջ 8 տարի լինելուց հետո Շվարցենեգերը վերադարձել է կինո...

Դերասան, կուլտուրիստ եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերն այսօր տոնում է 65-ամյակը:

Առնոլդ Շվարցենեգերը ծնվել է 1947թ. հուլիսի 30-ին ավստրիական Թալ գյուղակում: Նրա հայրը զինվորական է եղել, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` տեղի ոստիկանապետը: Նրա ազդեցությամբ Առնոլդն սկսել է ֆուտբոլ պարապել, բայց 14 տարեկանում գերադասել է կուլտուրիզմը:

1966թ. բանակից հետո Առնոլդը տեղափոխվել է Մյունխեն, որտեղ աշխատել է ֆիթնես-ակումբում: 1966թ. նա երկրորդ տեղն է գրավել Լոնդոնի  «Միսթր Տիեզերք» մրցույթում` զիջելով ամերիկացի Շեյթ Յորթոնին: 1967թ. նա շահել է այդ տիտղոսը: 1968թ. սեպտեմբերին 21 տարեկան Առնոլդը մեկնել է Ամերիկա:  Իր իսկ խոստովանությամբ` այդ ժամանակ ինքը անգլերեն վատ գիտեր եւ ուժեղագույն ակցենտով էր խոսում, ինչը խոչընսոտ էր նրա համար:

Լոս Անջելեսում Շվարցենեգերը մարզվել է Gold`s Gym ակումբում` Ջո Վեյդերի ղեկավարությամբ: 1970 թվականին հաղթել է կուլտուրիստների  Նյու Յորքի «Միսթր Օլիմպիա» մրցույթում: 

Կինոյում Շվարցենեգերն սկսել է նկարահանվել 1970 թվականից:  Հաջողությունը նրան ժպտացել  է «Բարբարոս Քոնան» ֆիլմից հետո: Հետագայում նա գլխավոր դերեր է խաղացել  «Տերմինատոր» (1984), «Կոմանդո» (1985), «Գիշատիչը» (1987), «Վազող մարդը» (1987), «Կարմիր շոգ» (1988), «Հիշել ամեն ինչ» (1990), «Տերմինատոր 2: Դատաստանի օրը» (1991), «Ճշմարտացի սուտ» (1994), «Մաքրողը» (1996), «Աշխարհի վերջը» (1999), «Տերմինատոր 3: Մեքենաների ապստամբությունը» (2003) եւ այլ ֆիլմերում:

2003 թվականին Առնոլդ Շվարցենեգերն ընտրվել է Քալիֆորնիայի նահանգապետ Հանրապետական կուսակցությունից:  Իր գործունեության շրջանակներում նա բախվել է ընդդիմությանը եւ վարկանիշի էական նվազում է ունեցել: Չնայած դրան` 2006 թվականին նա երկրորդ ժամկետին է վերընտրվել: Իրավասություններն ավարտվել են 2011 թվականին: Հիշեցնենք, որ Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում Առնոլդ Շվարցենեգերն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը: 2010 թվականի հունվարի 19-26-ը նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր: 

Քաղաքականության մեջ 8 տարի լինելուց հետո Շվարցենեգերը վերադարձել է կինո: Նախորդ տարվա գարնանը դերասանը նկարահանվել է  «Անզսպելիները 2» ֆիլմում, որի համաշխարհային պրեմիերան նախատեսված է օգոստոսին: 2013 թվականի հունվարին էկրաններին  պետք է հայտնվի  ռեժիսոր Ջի Վուն Քիմի «Վերջին մարտը» ֆիլմը, որտեղ Շվարցենեգերը խաղում է մեքսիկական թմրամաֆիայի առաջնորդին հետապնդող շերիֆի դեր: