Հայ օլիգարխները Ձմեռ պապից ժողովրդի համար մեծահոգաբար խաղաղություն, երջանկություն եւ տնտեսական բարեկեցություն են ցանկանում: Թեեւ շատ ավելի լավ կլիներ, որ այդ հարցերում նրանք հույսը դնեին ոչ թե Ձմեռ պապի վրա, այլ փոքր ինչ ձգվեին եւ իրենց կարեցածի չափով օգնեին ժողովրդին:

«Ձմեռ պապից մեր ժողովրդի համար խաղաղություն, երջանկություն եւ բարեկեցություն եմ ցանկանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պատգամավոր, գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը: «Իսկ անձամբ Ձեզ համա՞ր» հարցին Հայրապետյանը պատասխանեց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում, Փառք Աստծո, ամեն ինչ ունեմ, դրա համար էլ խնդրում եմ միայն ժողովրդի համար»: Հայրապետյանը խոստովանեց, որ ամանորը տոնելու է Երեւանում, ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է ուտեստներին, պատգամավորի պնդմամբ, ինքը համադամասեր չէ եւ ուտում է ամեն ինչ, ինչ առաջարկում են:

Պատգամավոր, «DCA» ընկերության սեփականատեր Գագիկ Աբրահամյանը, ինչպես վայել է այդ գլամուրային անձին, Նոր տարին կդիմավորի Ֆրանսիայում: Ընդ որում, պատգամավորը խոստովանեց, որ առաջին անգամ է Նոր տարուն լքելու Հայաստանի սահմանները: Ինչ վերաբերում է ամանորյա նախասիրություններին, Գագիկ Աբրահամյանը, ի տարբերություն հայերի մեծամասնության, նախընտրում է ձուկը: Իսկ Սանտա-Կլաուսին (Փարիզում Ձմեռ պապը նրա համար անհասանելի կլինի) իր մաղթանքներով Աբրահամյանը յուրահատուկ չէր եւ խաղաղություն էր ուզում աշխարհի համար:

«Ձմեռ պապից տնտեսական վերածնունդ եմ ուզում»,- առանց մտածելու NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանեց «Կիլիկիա» ընկերության սեփականատեր Աշոտ Բաղդասարյանը: Իսկ իր համար Բաղդասարյանը ոչինչ չի ուզում: Նա Ամանորը դիմավորելու է Երեւանում: Իսկ հարցին, թե որ ամանորյա ուտեստն է նախընտրում, Բաղդասարյանը պատասխանեց. «Անգամ չգիտեմ, ես համադամասեր չեմ»: