Facebook-ի հիմնադրի կրտսեր քույրը` Արիել Ցուկերբերգը, շուտով կդառնա Google-ի` աշխարհի ամենամեծ սոցցանցի հիմնական մրցակցի աշխատակից: Այդ մասին Արիելն ինքն է հայտնել:
Արիել Ցուկերբերգը կրտսեր մենեջեր է աշխատում Wildfire սթարթափում, որը գնել է Google-ը: «Չեմ ստի… անհարմար եմ զգում, բայց հպարտ եմ այս հուզիչ օրը Wildfire թիմի մաս կազմելու համար…», -Facebook-ում գրել է նա:
Ի տարբերություն ավագ քրոջ` Ռենդիի, Արիելը չի ցանկացել ընտանիքի դիրքն օգտագործել առաջ գնալու համար, այլ ինքնուրույն է սկսել իր կարիերայի կառուցումը, թեեւ Մարկը բազմիցս նրան առաջարկել է միանալ իր թիմին:
Ռենդի Ցուկերբերգը մի քանի տարի ղեկավարել է Facebook-ի մարքեթինգը, բայց նախորդ տարվա ամռանը սոցցանցը լքել է հանուն սեփական նախագծի:
«Շնորհավորում եմ Wildfire-ին: Այժմ Ցուկերբերգի ընտանիքի անդամներն ավելի շատ աշխատում են Google-ում, քան Facebook-ում», - գրել է Ռենդին իր Twitter-բլոգում` չհստակեցնելով, թե ցուկերբերգներից էլ ով է կապված Google-ի հետ:
Facebook-ը եւ Google-ը մրցակցում են որպես աշխարհում առցանց տեղեկատվության եւ գովազդային հարթակի երկու հսկաներ:




























