Մեքսիկայում 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգչուհի Չավելա Վարգասը: Նա մահացել է օգոստոսի 5-ին` Կուերնավակա քաղաքի հիվանդանոցում, որտեղ սրտի եւ շնչառական համակարգի գանգատներով տեղափոխվել էր մի քանի օր առաջ: Ըստ բժշկի` Վարգասը հրաժարվել է կենսապահովման ցանկացած արհեստական համակարգից:
Չավելա Վարգասը (Իզաբել Վարգաս Լիզանո) Մեքսիկայի երաժշտության պատմության մեջ է մտել որպես երգչուհու մասին կարծրատիպերը կոտրող կատարող: Նա ավանդական սիրային երգեր էր կատարում` բեմ ելնելով տղամարդու հագուստով, որը ցնցող էր համարվում կաթոլիկական Մեքսիկայում, ատրճանակ էր կրում, սիրում էր ալկոհոլ եւ ծխում էր սիգար: Նա չէր թաքցնում նաեւ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, թեպետ հրապարակայնորեն լեսբուհի լինելը խոստովանել է միայն կյանքի վեջին տարիներին:
Չավելա Վարգասի առաջին ալբոմը թողարկվել է 1961 թվականին: Նա ձայնագրել է 80 ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել էր 2010 թվականին, հայտնում է «lenta.ru»-ն:
Չավելա Վարգասը եղել է նկարչուհի Ֆրիդա Կալոյի եւ նրա ամուսին Դիեգո Ռիվերայի մտերիմ ընկերուհին, մոտ է եղել նաեւ գրող Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հետ: Վարգասը հայտնվել է Կալոյի մասին «Ֆրիդա» ֆիլմում, որը էկրաններին էր հայտնվել 2002 թվականին: Վարգասը նաեւ նկարահանվել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բաբելոն» ֆիլմում եւ Պեդրո Ալմոդովարի կինոնկարներում, որը նրա ընկերն էր եւ երգչուհուն անվանում էր իր մուսա:




























