Նախորդ շաբաթ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր վնասվել է Վայոց Ձորի Մարզի «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում գտնվող «Արջերի քարանձավ»-ի մուտքը, ներսում գտնվող ստալակտիդներ։ «Պատմամշակության արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերքեց ապատեղեկատվությունը։
Սակայն, էքստրիմի որոշ սիրահարների ու հնարավոր արշավախմբերի մուտքը կանխելու նպատակով որոշվել է քարանձավի տարածքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ «Արջերի քարանձավ»-ն այսօր արդեն բերվել է ապահով ու անձեռնմխելի վիճակի։
«Պատմամշակության արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հայտնել է, որ փոխվել է կողպեքը, որի բանալին գտնվում է «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանի մոտ։ Եռակցվել եւ ամրակցվել է երկաթյա դռան ծխնին։ Մուտքի երկու կողմերի քարի պատերը ամրացվել են նախ՝ երկաթյա ամրաններով, ապա բետոնապատվել, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ մարդիկ պատը քանդելով մտել են քարանձավ։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ քարանձավ անօրինական մուտք գործելն այլեւս բացառվում է։ Դուռը ներկվել է, ամրացվել է՝ մուտքն արգելվում է ցուցանակը։
Ամրացման աշխատանքներից բացի, նաեւ մաքրման աշխատանքներ են իրականացվել քարանձավի մերձակայքում ու մուտքի հատվածի առաջին սրահում։
ՊՄՊ ծառայությանը օգնել են Վայոց ձորի մարզի Մոզրով համայնքի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը, Արենի գյուղի ավարտական դասարանի յոթ աշակերտ։
Քարանձավը գտնվում է Արփի-Մոզրով ճանապարհից շուրջ 2 կմ հեռավորության վրա՝ սարի վերեւի հատվածում։ ՊՄՊ ծառայության ներկայացուցիչներն ու կամավորները մեծ դժվարությամբ են կարողացել վերեւ բարձրացնել տեխնիկան, շինանյութը, շուրջ 90 լիտր ջուր։
Սա փաստորեն «Պահպանություն ծառայության» ՊՈԱԿ-ի եւ «Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» միջեւ նախորդ շաբաթ ձեռք բերված պայմանավորվածության լավագույն ապացույցն է։ Գործակցության հիմնական նպատակը՝ հուշարձանը լավագույնս պահպանելն ու այնտեղ մարդկանց անօրինական մուտքը, ինչպես նաեւ՝ քարանձավը վնասելը բացառելն է։




























