Մակոլեյ Կալկինը, որին բոլորը հիշում են «Տանը միայնակ» ֆիլմի հնարամիտ տղայի դերում, թմրամոլ է դարձել եւ ապրելու ընդամենը կես տարի ժամանակ ունի:
Նման տեղեկատվություն է հրապարակել National Enquirer ամսագիրը: Հոդվածագիրները պնդում են, որ 31-ամյա դերասանն արդեն մեկուկես տարի կասկածելի անձանց շրջապատում հերոին է օգտագործում եւ հանգստացնող դեղամիջոցներ: Նա Մանհեթանի իր բնակարանը թմրամոլների որջի է վերածել:
Պարբերականի տվյալներով` դա տեղի է ունեցել դերասանուհի Միլա Կունիսի հետ հարաբերությունները խզելուց հետո, որի հետ 8 տարի համատեղ էին ապրում:
Ամսագիրը հայտնում է, որ Կալկինը թմրանյութերի վրա ամսական 6000 դոլար է ծախսում եւ բուժվելու մտադրություն չունի: Հայտնի չէ, թե դերասանին որտեղից այդ միջոցները, քանի որ իր միլիոնները նա վաղուց վատնել է եւ այժմ դիջեյի իր աշխատավարձով է ապրում:
Ավելին, մի քանի ամիս առաջ նա քիչ էր մնում մեռներ չափաքանակի գերազանցումից:
Դերասանի «ընկերը» լրագրողներին պատմել է. «Նա օգտագործում է հերոին, Պերկոսեդ եւ Վիկոդին: Մտերիմները վախենում են, որ սիրտը չի դիմանա: Եթե նա հիմա բուժում չստանա, կարող է մեռնել 6 ամսվա ընթացքում»:
Կալկինի պաշտոնական ներկայացուցիչները, բնականաբար, թաքցնում են այդ փաստը: «The National Enquirer-ում տպագրված հոդվածը կատարյալ սուտ է, հորինվածք: Այն վիրավորում է պարոն Կալկինին», - ասել է դերասանի մամուլի քարտուղար Միշել Բեգան:




























