Երեկ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկային ընթացակարգերի վարչության պետ Գագիկ Քառյանը:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, էկոնոմիկայի զարգացման նախարար Լաշա Ժվանիայի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Տղեշելաշվիլու հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ:
Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները կծավալվեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:



















