Ստեփանակերտի նոր հանրապետական հիվանդանոցի շենքը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Շինարարությունն եւ կահավորումն իրականացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: 2011 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքների համար հիմնադրամը հատկացրել է 5.290 մլն դրամ։

Հինգ հարկանի շենքում կտեղակայվի հոսպիտալը, հիվանդների ընդունելության սրահը, շտապ օգնության կայանը, ծրագրային հեմոդիալիզի բաժինը, թերապեւտիկ, վիրահատական, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի, ինչպես նաեւ VIP բաժանմունքները։ Հիվանդանոցի նոր շենքը, որը գտնվում է Բաղրամյան փողոցում, համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին։

Բացի այդ, առաջիկայում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կանցկացնի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում կհաստատվի առաջիկա կարճաժամկետ ծրագրերի բյուջեն: Ծրագրերում կրկին ներառվելու է բուժհաստատությունների շենքերի նորոգումը: Այդ մասին ասաց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար՝ Արտակ Ճաղարյանը:

Նրա խոսքով` գրեթե ավարտին են հասցվել հունիսի 8-ին տեղի է ունեցած «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված կարճաժամկետ ծրագրերը, որոնց բյուջեն՝ 400-600 հազար  դոլար է:

Հիմնադրամը նաեւ պարգեւատրումներ է իրականացրել։ Մասնավորապես, մրցանակներ են ստացել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության եւ առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողները: Արդեն անցկացվել է երկու մրցանակաբաշխություն, պարգեւարտվել են գիտական թեմայով գրող 11 լրագրող:

Ա. Ճաղարյանը  տեղեկացրեց, որ  լրագրողների մրցանակաբաշխությունը զուգորդվել է առավելագույն հղում ունեցող հայաստանցի 100 գիտնականների մրցանակաբաշխության հետ եւ բոլոր մրցանակակիրներին տրվել են ֆինանսական պարգեւավճարներ։

Այնուհետ 300 հարյուր հազարական դրամի բանկային քարտեր  են տրամադրվել Հայաստանի այն վեց մանկատներին, որոնք այս տարի ունեցել են շրջանավարտներ: Ընդհանուր առմամբ` բանկային քարտեր են ստացել 30 շրջանավարտներ:

Սեպտեմբերի 2-ին Վանաձորում կկայանա Լոռու մարզից Հայաստանի պետական բուհերում գերազանց սովորող ուսանողների պարգեւատրման արարողությունը: Ըստ. Ա. Ճաղարյանի` ուսման բարձր առաջադիմության համար 400 ուսանող կպարգեւատրվի հիմնադրամի կողմից: