Գյումրիում, թե՜ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, թե հետընտրական իրավիճակում, եթե լարվածություններ եւ սրացումներ առաջանան, ապա կան համապատասխան ծառայություններ, որոնք դրանով կզբաղվեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը արձագանքելով հարցին, թե հաշվի առնելով նախկինում Վարդան Ղուկասյանի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները, խոսե՞լ է նրա հետ, որ սրացումներ չառաջանան: Գիզիրյանը նկատեց, որ իր կարծիքով, ոչ մի արտառոց բան չի լինելու: «Հետեւաբար ոչ ոքի հետ խոսելու կարիք չկա: Ես ոչ ոքի հետ չեմ խոսել եւ կարծում եմ, որ այդպիսի լարվածություններ չեն լինի»,- ավելացրեց նա։

Սադրանքների, սրացումների դեպքում Աշոտ Գիզիրյանի խոսքով հաշվի չի առնվի ներկայիս եւ նախկին պաշտոնյաների դիրքը: «Ինչ կապ ունի նախկին պաշտոնյա է, թե ներկա: Եթե նա հակաօրինական գործողություն է կատարել, իհարկե պետք պատժվի»,-վստահեցրեց Գիզիրյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, եւ երեք անկուսակցականներ` գործարար Անդրանիկ Ավետիսյանը, գործազուրկներ Ռաֆայել Ասատրյանն ու Սպարտակ Պետրոսյանը: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չառաջադրվեց: