«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը նիստ է հրավիրել եւ որոշում կայացրել, որ կշարունակի մնալ ՀԱԿ-ի կազմում՝ չնայած առկա դժգոհություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում, այսօր վերջին 5 տարիների ընդդիմադիր ուժ է մնացել միայն ՀԱԿ-ը: «Ուրիշ ընդդիմադիր ուժ չկա եւ չի կարող ձեւավորվել մոտ ապագայում: Ավելին` ամեն ինչ անելու ենք կոնգրեսը ուժեղացնելու համար: Տանելու իշխանափոխության, համապետական, նախագահական ընտրություններում: Խնդիր դնելով մեկ օր շուտ, մեկ օր առաջ ազատվել այս հանցավոր ռեժիմից Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ, եթե ոչ, ապա համապետական ընտրություններում ազատվել այս ռեժիմից եւ երկիրը մաքրել»,- մանրամասնեց Գառնիկ Մարգարյանը:

Մարգարյանը հույս հայտնեց, որ իրենց կուսակցության որոշումից հետո ՀԱԿ-ը հաշվի կառնի կուսակցության բարձրաձայնած խնիրները։ «Ես կարծում եմ, մեր որոշումից հետո ՀԱԿ-ի քաղխորհուրդը մեզ կլսի, հաշվի կնստի մեզ հետ, ինչը գործին օգուտ կբերի եւ ոչ, թե վնաս»,- ասաց նա:

Մարգարյանը նաեւ ընդգծեց, որ իրենք լրջորեն ուսումնասիրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում, դրսից ի՞նչ ուժեր են ազդեցություններ գործադրում Հայաստանում։

Ըստ նրա՝ հատկապես Արեւմուտքն է փորձում ազդել: Մարգարյանի կարծիքով՝ Հայաստանը ցանկանում են պահել այս խղճուկ, աղքատ, գաղութային վիճակում, «ինչը անթույլատրելի է»: