Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում մնացել է քաղաքապետի մեկ թեկնածու` գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը, ով առանց պայքարի ու միայնակ կմասնակցի սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանը:

«Առավոտի» փոխանցմամբ, նույն պաշտոնի համար ինքնառաջադրված Քաջարանի քաղաքապետի մյուս թեկնածուն` անկուսակցական Ռաֆայել Լալայանը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կապանի ու Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ:

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, կրկին անկուսակցական Համլետ Միրզոյանը:

Եղվարդում նույնպես մնացել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու, կրկին ՀՀԿ-ից առաջադրված ու գործող գյուղապետ Սպարտակ Զաքարյանը:

Ինքնաբացարկի մեկ դիմում էլ ստացվել է Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղի ավագանու անդամի թեկնածու գրանցված անկուսակցական Մելոդիկ Զաքարյանից, ով Կապանի ջրօգտագործողների ընկերությունում պահեստապետ է: Տանձավերում 5 հոգանոց ավագանու ընտրությանը մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը հասնում է 11-ի: