ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր` բացասական դինամիկայով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:
Նա տեղեկացրեց, որ աղջկան չեն վիրահատել եւ նա արյան կարիք չունի, արյուն չի հավաքվում: «Թողեք այդ մարդիկ աշխատեն էլի, արյան խնդիր չունեն, թե հարազատներն են տվել, եւ հիվանդանոցն է տվել»,- ասաց նա` հավելելով, թե «միթե մարդկային ոչինչ չկա, միթե այդքան տարրական բաներ չեն հասկանում, ինչի են ավելորդ քաշքշուկներ ստեղծում եւ այդպես երեխային վնասում»:
Հայկ Դարբինյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ Դիանա Սիրունյանի մոտ է գտնվում գլխավոր ռեանիմատոլոգը եւ սկսում են տրախիոտոմիան` արհեստական շնչառության համար, այսինքն` կզակի տակից կտրվածք են անում եւ այդտեղից են մտցնում արհեստական շնչառությունը, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատելը, իսկ մինչ այդ այն միացված էր շնչափողին` բերանի մեջից:
Նա նշեց նաեւ, որ դեմքի ոսկորների ֆիկսացիա չի արվել, քանի որ որոշել են լրացուցիչ տրավմայի չենթարկել աղջկան, դրանից նրա վիճակը չի լավանալու, «դա ընդամենը արտաքին տեսքի համար է»:
Դիանա Սիրունյանի առողջական վիճակի մասին տարածված հակասական տեղեկությունները ճշտելու համար կապվեցինք նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, Սուրեն Սիրունյանի ընտանիքի ընկեր Մասիս Այվազյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Դիանային չեն վիրահատել, այլ կատարել են ոտքերի եւ ձեռքերի կոտրվածքների ֆիկսացիա` առանց վիրաբուժական միջամտության: Նա եւս նշեց, որ աղջիկը արյան կարիք չկա, քանի որ առողջապահության նախարարությունը ասել է, որ անհրաժեշտ արյուն կա: Ինչ վերաբերում է աղջկան արտասահման տեղափոխելուն, ապա Մասիս Այվազյանի խոսքով, նրան առայժմ չեն կարող տեղաշարժել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։




























