Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն TRT-ի հաղորդումներից մեկին մասնակցելով, հայտարարել է, որ Հայաստանի կողմից 17 տարի տեւող Ղարաբաղի «օկուպացիան» եթե անգամ 170 տարի էլ տեւի, միեւնույն է` այն կմնա որպես օկուպացիա: Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman» թերթը:
Դավութօղլուն ասել է նաեւ, որ կարող է հայերի մեջ լինեն հավատացողներ, որ շարունակվող ստատուս քվոն կդառնա բնական կարգավիճակ, սակայն դա միեւնույն է օկուպացիա է եւ խախտվել են միջազգային իրավական կանոնները: Նա կարեւորել է Թուրքիայի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող կարգավորման բանակցություններում:
Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան հարաբերություններ ունի Կովկասում ապրող բոլոր էթնիկ խմբերի հետ եւ սկզբունքորեն ոչ մի վայրում չի աջակցելու էթնիկ կամ կրոնական բախումներին: Նա ասել է նաեւ, որ Ղարաբաղի ստատուս քվոն Թուրքիային ձեռնատու չէ եւ միեւնույն ժամանակ այն վնասում է Թուրքիա-Հայաստան եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին: Դավութօղլուի ներկայացմամբ, տարածաշրջանում իրենց վերջնական նշանակետը ԼՂ «օկուպացիայի» վերացումն է եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը:
Զարմանալի է, բայց փաստ, «օկուպացված տարածքներ» ազատելու մասին է խոսում մի պետություն, որն ինքը տարածքներ օկուպացնելու հաշվին է ստեղծել ներկայիս Թուրքիա երկիրը, եւ որը մինչեւ օրս արդեն մի քանի տասնամյակ օկուպացված է պահում Կիպրոս կղզի-պետության կեսը։ Մինչ օրս Կիպրոսում են գտնվում թուրքական օկուպացիոն զորքերը, եւ մինչ օրս, չնայած միջազգային բազմաթիվ փաստաթղթերին, նա հրաժարվում է զորքերը դուրս բերել Կիպրոսից, ճանաչել վերջինիս տարածքային ամբողջականությունը։ Սակայն զարմանալին ոչ այնքան այս հանգամանքն է, այլ այն, որ չնայած թուրքական կողմի նմանօրինակ մեղադրական կեցվածքին, Հայաստանի իշխանությունները երբեւէ ու ոչ մի մակարդակով Թուրքիային չեն հիշեցրել Կիպոսի ու շատ այլ բաների մասին ու նշել, որ օկուպանտ երկիրը բարոյական իրավունք չունի գնահատականներ տալ մեկ այլ երկրի օկուպանտ լինել-չլինելու մասին։ NEWS.am




























