ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի հարցազրույցը  NEWS.am-ին.

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է ծրագիր` աջակցելու ընտրությունների անցկացմանը Հայաստանում: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ծրագրի առաջին մասը` կապված խորհրդարանական ընտրություններին աջակցություն տրամադրելու հետ, ավարտվել է: Ի՞նչ է արվել մինչ օրս, եւ գրասենյակն ինչպե՞ս է գնահատում արդյունքները:

2012թ.-ին գրասենյակը սկսեց իրականացնել ընտրություններին աջակցելու լայնածավալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԵՄ–ի կողմից: Այս 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել տասնութամսյա ժամանակահատվածում, որն ընդգրկում է խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները եւ ներառում է գործունեության լայն շրջանակներ: 2012 թվականի ամենակարեւոր բաղադրիչներից` առաջնահերթ կնշեմ մեր աջակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` իր էլեկտրոնային ցանցի վերազինման գործում` ընտրատարածքներից ընտրությունների արդյունքների փոխանցման, ինչպես նաեւ շուրջ 14,000 տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների ուսուցման համար: Ծրագրի շրջանակներում նմանապես կատարելագործվեցին ընտրողների հաշվառման կառույցների` անձնագրային եւ վիզաների վարչության տեխնիկական կարողությունները: Պետական կառույցների հետ սերտորեն աշխատելուն համընթաց` մենք նաեւ կենտրոնանում ենք ընտրական գործընթացների քաղաքացիական մոնիտորինգի եւ հաշվետվությունների խթանման վրա` աջակցելով  քվեարկության ընթացակարգերի կարճաժամկետ դիտորդմանը եւ լրատվամիջոցների քարոզարշավի համապարփակ մոնիտորինգին:

Բացի այդ` ծրագիրը ներառում էր Օմբուդսմենի գործունեության ընդլայնում մարզերում` մարզային գրասենյակների եւ հատուկ արագ արձագանքման խմբերի ձեւավորմամբ: Ծրագրի շրջանակներում նաեւ իրականացվել է լրագրողների` ընտրությունների լուսաբանման հմտությունների վերապատրաստում եւ երիտասարդական ՀԿ-ների մասնակցությունը ընտրությունների դիտորդման խթանում:

Որպես ընդհանուր գնահատական, կարծում եմ` ծրագրի առաջին փուլը շատ հաջողակ էր եւ ձեռքբերումների մեծ մասի մասին զեկուցել են խորհրդարանական ընտրությունների միջազգային եւ տեղական դիտորդները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին գերազանց համագործակցության համար` այս ծրագրի տարբեր բաղադրիչներն իրականացնելիս. մասնավորապես, ուզում եմ առանձնացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES), Անձնագրային եւ վիզաների վարչությունը, Քաունթերփարթ ինթերնեշնլի գրասենյակը Երեւանում, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիական հասարակության դերակատարներին, որոնք ներգրավվել են ծրագրում:

Հավատացած ենք, որ այս ծրագիրն իր հիմնական նպատակով հանդերձ` խթանելու ընտրական գործընթացների տարբեր շահագրգիռ կողմերի ավելի մեծ մասնակցություն, ունի ներուժ մեծապես նպաստելու հետագա ժողովրդավարական զարգացմանը երկրում: Միեւնույն ժամանակ ես կցանկանայի շեշտել, որ այս բոլոր ջանքերը, ինչպես նաեւ ցանկացած այլ միջազգային օժանդակություն, կարող է լինել եւ լավ է միայն որպես օժանդակ գործիք` խթանելու տեղական իշխանությունների քաղաքականությունը, բարեփոխումները, իսկ այս միջոցառումների հետագա ազդեցությունը կախված է երկրի ընդհանուր քաղաքական ուղղությունից:

Մեկնարկե՞լ է արդյոք ծրագրի երկրորդ մասը`աջակցելու նախագահական ընտրություններին: Ի՞նչ է Ձեր գրասենյակը մտադիր անել ծրագրի այս հատվածի շրջանակներում:

Այո, այս պահին մեր գրասենյակը պլանավորում է իր գործունեությունը`ուղղված աջակցելու նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Այս ընտրությունների կարեւորությունը չի կարելի թերագնահատել, եւ մենք հույս ունենք, որ միջազգային հանրության աջակցությամբ` այս ընտրությունները լիովին կհամապատասխանեն ԵԱՀԿ ընտրությունների հետ կապված պարտավորություններին, ինչպես նաեւ ավելի լայն միջազգային չափանիշներին:

Նախագահական ընտրությունների նախաշեմին ծրագիրը կտրամադրի 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տրամադրված օժանդակության նման աջակցություն եւ կներառի ընտրական հանձնաժողովների ուսուցողական սեմինարների հերթական փուլը, ընտրողների կրթության եւ իրազեկման բաղադրիչները, աջակցություն տեղական դիտորդներին եւ լրատվամիջոցների մոնիտորինգ: Բացի այդ` դասընթացներ կկազմակերպվեն առաջին անգամ քվեարկող երիտասարդ ընտրողների համար` տեղեկացնելու իրենց իրավունքների ու ընտրական ընթացակարգերի մասին: Դատական համակարգի հետ հետագա համագործակցությունը` ուսուցման եւ դատարանների մոնիտորինգի ձեւով համարվում է եւս մեկ նոր ուղղություն ծրագրի շրջանակներում:

Դուք շարունակո՞ւմ եք աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ի՞նչ է արվել  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության շրջանակներում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ցուցաբերած աջակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է, որը նպատակ ունի ընդլայնել եւ խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ընտրությունների շրջանում` հզորացնելով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի կարողությունները:

Մենք առաջին հերթին աջակցել ենք ՄԻՊ մարզային ներկայացուցչության զարգացմանը, որպեսզի այն ավելի լավ կարողանա հետեւել եւ արձագանքել ենթադրյալ ընտրախախտումներին երկրի ողջ տարածքում: Առայժմ վեց մարզային ՄԻՊ գրասենյակներ են հիմնադրվել` Եղեգնաձորում, Կապանում, Գավառում, Իջեւանում, Գյումրիում եւ Վանաձորում. յուրաքանչյուր գրասենյակ համալրված է երեք անձից բաղկացած թիմով` գրասենյակի գործավար եւ երկու իրավաբան: Նոր հավաքագրված աշխատակազմի համար կազմակերպվել են դասընթացներ, գրասենյակները լիովին համալրվել են անհրաժեշտ ՏՏ սարքավորումներով եւ ավտոմեքենայով: Մարզային գրասենյակներն արդեն գործում են գրեթե հինգ ամիս եւ իրենց աշխատանքի արդյունքները ոգեւորիչ են:

Մենք նաեւ աջակցում ենք 24/7 թեժ գծի գործարկմանը, որով ՄԻՊ-ը ստանում եւ գրանցում է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքներ, այդ թվում` ընտրախախտումներ, եւ տրամադրում արագ իրավաբանական խորհրդատվություն եւ աջակցություն: Թեժ գծի համարն է «116». այն նաեւ կգործի նախագահական ընտրությունների ընթացքում:

Ավելին, ընտրությունների ժամանակ ձեւավորվում են արագ արձագանքման շարժական խմբեր Երեւանում եւ մարզերում` բաղկացած իրավաբաններից եւ մարդու իրավունքների փորձագետներից` անմիջապես եւ ուղղակի հետեւելու թեժ գծի կանչերին: Խմբերը  հիմնականում ապահովում են լրացուցիչ աջակցություն ՄԻՊ կենտրոնական եւ մարզային գրասենյակներին ընտրությունների շրջանում:

Այս մարզային եւ արագ արձագանքման համակարգը արդյունավետ աշխատեց բոլոր մակարդակներում վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ արդյունքները ոգեւորիչ են: Թեժ գծի միջոցով ստացվել է 310 զանգ եւ արագ արձագանքման խմբերի կողմից աջակցություն է տրամադրվել 119 դեպքերում` ՄԻՊ մարզային գրասենյակների անմիջական աջակցությամբ: Նաեւ մեր անձնակազմի անդամները ընտրությունների օրը այցելեցին ՄԻՊ մարզային գրասենյակներից մեկը եւ իրականացրեցին բողոքների ստուգման այցեր`ՄԻՊ աշխատակազմի հետ միասին:

Որպես ամփոփում նշեմ, որ այս ծրագիրը գործում է ամրապնդելու փոխգործակցությունը ՄԻՊ, տեղական իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ` նպաստելու ընտրական իրավունքի պաշտպանությանը, ավելի հմուտ կառավարմանն ու ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանությանը երկրում: Հուսով ենք, որ մեր գործունեության դրական ազդեցությունը խթան կհանդիսանա կառավարության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում` մարզային գրասենյակների շարունակականությունն ապահովելու նպատակով, այսպիսով` վերահաստատելով ԵԱՀԿ մասնակից պետությունների պարտավորությունները` հզորացնելու մարդու իրավունքների ազգային կառույցներն ու խթանելու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ազգային մակարդակով: