Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Ազազիլլա Ռամեզանին «միանգամայն հնարավոր» է համարում Իրանի մասնակցությունը «Nabucco» գազամուղին: Այդ մասին Ռամեզանին հայտարարել է հուլիսի 20-ին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Հաշվի առնելով, որ „Nabucco“-ի մասին համաձայնագիր ստորագրած երկրները չունեն գազամուղը լցնելու բավարար ռեսուրս, Իրանի միացումը բավական հավանական է թվում»,- հայտարարել է Ռամեզանին: նա ընդգծել է այդ ծրագրի երկարակեցությունը, նշելով, որ 2014 թվականին, երբ նախատեսված է նախագծի շինարարության ավարտը, Իրանը կկարողանա այդ ուղղությամբ գազի մատակարարումներ ապահովել տարեկան մինչեւ 10 միլիարդ խմ ծավալի չափով:

Ռամեզանին չի կարծում, թե «Nabucco»-ն մրցակից է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող եւ կառուցվող գազամուղերին: «Այն կապահովի Եվրամիության սպառողների պահանջարկի միայն մի մասը եւ կդառնա այդ պահանջարկի բավարարման աղբյուրներից մեկը: Ամեն ինչ կախված է մատակարարումների ծավալից»,- ընդգծել է նա: