Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դիվանագիտական եւ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի Հիմնական օրենքին համապատասխանության հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 11-ին Հայաստանի ՍԴ-ն՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ սկսել է հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը: Որոշում է կայացվել նիստն անցկացնել գրավոր ընթացակարգով:

Ինչպես նիստից առաջ հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դատարանը վճռի հրապարակման մասին կհայտնի ընթացակարգի ավարտից մեկ ժամ առաջ:

Անդրադառնալով որոշման ժամկետներին, Հարությունյանը նկատեց, որ չի կարող կոնկրետ ժամկետ ասել, դա կարող է լինել այսօր կամ վաղը: Որոշում կայացնելու առավելագույն ժամկետը կարող է լինել երեք ամիս:

Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանում արձանագրությունների քննարկմանը զուգահեռ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու նրան միացած 10-ից ավելի կուսակցություններ բողոքի գործողություն են անցկացնում հայ-թուրքական արձանագրությունների դեմ: ՍԴ շենքի առջեւ այս պահին ընթանում է ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել «արձանագրությունների եւ Մադրիդյան սկզբունքների» խորհրդանշական այրում: