Բասկետբոլի հայկական «Հատիս» ակումբը հունվարի 14-ին Եվրոպայի գավաթի 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում պետք է իր ուժերը չափի ռուսական «Նադեժդա» ակումբի հետ: Այսօր Գիա Ղազանչյանի մարզուհիներն արդեն մեկնում են Օրենբուրգ, որտեղ էլ կայանալու է հայ բասկետբոլիստուհիների համար շատ դժվար այդ խաղը:

Հիշեցնենք, որ այս ակումբերի միջեւ առաջին հանդիպումը կայացել է Երեւանում, որտեղ «Հատիսը» պարտվել է 69:80 հաշվով: Իհարկե, պետք է նշել, որ «Հատիսը» այդ խաղում հանդես էր գալիս առանց իր առաջատար եւ առանցքային համարվող այնպիսի բասկետբոլիստուհիների, ինչպիսիք են Իվա Սերդարը, Ջուլիանա Վիանին, Նատիա Աբուլաձեն եւ Մաուրիտա Ռեյդը, որոնք լքել են հայկական ակումբը: Այդուհանդերձ, «Հատիսի» երկրպագուները նրանից միայն դրական արդյունք են ակնկալում: