Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին` տեղեկատվություն տրամադրելով Սաֆարովի գործի կապակցությամբ:
«Ռամիլ Սաֆարովի` մի շատ դաժան մարդասպանի ներումը եւ պետության կողմից փառաբանումը, ով խոստովանել էր իր քսենոֆոբիկ դրդապատճառները եւ դատապարտվել էր ԵՄ անդամ պետության (Հունգարիայի) դատարանի կողմից, խնդիրներ հարուցեց բոլոր եվրոպական արժեքների համար:
Ադրբեջանում առկա է պետության կողմից խրախուսվող հակահայկական քսենոֆոբիա, որն ավելացնում է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանի կողմից ասելը, որ Եվրոպական խորհրդարանն այս բանաձեւով պատասխանատու կլինի աճող լարվածության համար փաստերի խեղաթյուրում է եւ ուղղակի վախկոտ ռազմավարություն:
Ադրբեջանցիների կողմից Հայաստանի «ռազմաշունչ հայտարարությունների» մասին խոսելը նույնպես փաստերի խեղաթյուրում է, քանի որ Հայաստանը ոչ մի հայտարարություն չի արել եւ իրականում ոչ մի հետաքրքրություն կամ շահագրգռվածություն չունի պատերազմի հարցում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիեւի պատերազմի սպառնալիքներով լեցուն հայտարարությունների ցանկը շատ երկար է եւ համացանցը լի է բազմաթիվ համապատասխան փաստերով:
Ձեր կողմից քննարկվող բանաձեւի նախնական տեքստը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ այս հարցի միջազգային քննադատությունների երկար ցանկին: Այդ բանաձեւի նախագիծը խոսում է այն մասին, որ Եվրոպական Խորհրդարանը պաշտպանում է եվրոպական արժեքները եւ սա այն է, ինչ Հայաստանը եւ Եվրոպական հարեւանության ծրագրի մյուս երկրները փնտրում են Եվրոպայում: Պնդել, որ Ադրբեջանը «հավատարիմ է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը» չի համոզի ոչ մեկին Եվրոտեսիլի եւ Սաֆարովի հարցից վերաբերյալ իրական իրավիճակը հրապարակային դառնալուց հետո:
Հարգելի գործընկերներ, ես հուսով եմ, որ դուք ծուղակը չեք ընկնի եւ մոլորության չեք ենթարկվի Ադրբեջանի ներկայիս հակազդող գործողությունների արդյունքում: Մեր հարեւանը չի զարգանալու դրական ուղղությամբ եւ ճիշտ հակառակը: Եթե Եվրոպան չի պաշտպանում եվրոպական արժեքները այս հարցում, դա սարսափելի նշան կլինի Ադրբեջանի եւ նմանատիպ երկրների համար»,- ասված է Արտակ Զաքարյանի նամակում:





























