Արդյո՞ք Հայաստանը շարունակում է լավատես լինել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նաեւ այս հարցն ուղղեցին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին, ով ի պատասխան ասաց, որ միշտ պետք է լավատես լինել: «Միշտ էլ պետք է լավատես լինել և կարծում եմ դեռ շանսը չի կորցված, որպեսզի երկու երկրները գնան հարաբերությունների կարգավորմանը և դա ոչ միայն երկու ժողովուրդների, երկու երկրների շահերից է բխում, այլ նաև ամբողջ տարածաշրջանի, և չկա երկիր, որը չի ողջունել այս գործընթացը։ Միգուցե ինչ-որ դժգոհություններ եղել են Ադրբեջանի կողմից, այն էլ, կարծում եմ, այդքան խելամիտ չէ, որովհետև, ինչպես ասացի, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բարենպաստ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, իսկ Ադրբեջանը մեր տարածաշրջանի մասնիկ է»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը, ընդգծելով, որ հայ-թուրքական շփումների արդյունքում որեւէ փաստաթուղթ ստորագրված չէ:

Լրոգրողների դիտարկմանը, թե Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում համաձայնել է անգամ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ԱԳ նախարարն արձագանքեց. «Ինչ վերաբերվում է պատմաբանների ինչ–որ հանձնաժողովի ստեղծմանը, այդպիսի համաձայնություն գոյություն չունի։ Բազմիցս ասվել է, որ եթե համաձայնության գան երկու կողմերը և ստորագրվեն փաստաթղթեր, խոսքը կգնա այն մասին, որ կկարգավորվեն հարաբերությունները, կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կբացվեն սահմանները, կստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի տարբեր հարցերով, որի մեջ կլինեն ենթահանձնաժողովներ, որոնք կզբաղվեն տարբեր հարցերով, ներառյալ երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնման հարցով»։

Նույն խնդրին անդրադառնալով Եվրամիությունում նախագահող երկիր Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը նշեց. «Մենք գիտակցում ենք խնդրի բարդությունը։ Ինձ վրա բարձր տպավորություն է թողել ձեռք բերված առաջընթացը հաշտեցման ուղղությամբ, և կա կամք երկու կողմերի մոտ հաղթահարելու դեռ մնացող հնարավոր խոչընդոտները։ Ես խորապես լավատես եմ, որ դա տեղի կունենա»: Նրա խոսքով, նման խնդիրների լուծումը թեեւ ցավոտ ու բարդ է, բայց հնարավոր է եւ դրանք պետք է լուծվեն ոչ թե ճնշումների միջոցով, այլ երկխոսությամբ, որովհետեւ ճնշումներով լուծված հարցրեը երկարատեւ չեն: