Նորագավիթի դաշտում հայտնաբերվել է 45-ամյա Վ. Քալաշյանի դիակը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին:

Փոխարենը դեպքի մասին NEWS.am-ին մանրամասներ ներկայացրեց Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը: Նա պատմեց, որ Նորագավիթ գյուղի բնակիչ Վ. Քալաշյանը կապի մեջ է եղել իրենց գյուղում վարձով ապրող մի կնոջ հետ եւ օրերից մի օր էլ բռնաբարել է նրա 14-ամյա անչափահաս դստերը:  Գյուղապետի խոսքով` կինը` Մ. Բաբայանը, իր երկու երեխաների հետ ժամանակավոր վարձով ապրել է Մարմարաշենում, սակայն նրանք Գորիսի բնակիչներ են: Նրանք Մարմարաշենում ապրել են մինչեւ հունիսը եւ դեպքն էլ հենց այդ ժամանակ է եղել: «Վ. Քալաշյանը կապի մեջ է եղել Մ. Բաբայանի հետ, ի՞նչ կապ` չգիտեմ` բարեկամական, թե ինտիմ»,- ասաց Էդվարդ Հակոբյանը:

Մարմարաշենի նրա վարձած բնակարանում էլ 45-ամյա տղամարդը բռնաբարել է կնոջ 14-ամյա հաշմանդամ դստերը: Երբ այդ մասին իմացել է երեխայի մայրը, հայտնել է իրավապահ մարմիններին: Գյուղապետի խոսքով` դրանից հետո 45-ամյա Վ. Քալաշանը հրավիրվել է ոստիկանական բաժին, բայց հիմնավոր ապացույցներ չլինելու դեպքում բաց են թողել նրան: Սակայն դրանից հետո նա գնացել եւ  ինքնասպան է եղել` գուցե ազդված լինելով դեպքից կամ մեղքի զգացումից դրդված: