Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրում: Ինչպես հայտնում է Շիրակի մարզի NEWS.am-ի թղթակիցը, ժամը 21:30-ի սահմաններում հրդեհվել է Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցում գտնվող «Պուրակ» հացաբուլկեղենի խանութ-արտադրամասը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է 3  մարտական հաշվարկ: Հրդեհը դեռևս մարված չէ: NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցեւմ մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ դեռեւս հրդեհը մարված չէ, այն միայն մեկուսացվել է: Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են նաեւ հավաքված մարդիկ:

Արտադրամասի տնօրենը փոխանցել է, որ տեղյակ չէ, թե ինչը կարող էր հրդեհի առաջացման պատճառ դառնալ: «Դիտավորությունը բացառում եմ: Մենք Գյումրիում թշնամիներ չունենք: Շատ արագ, գոնե մինչեւ դեկտեմբեր կփորձենք կառույցը վերականգնել, չնայած նյութական վնասը շատ մեծ է»,- ասել է նա:

Ոստիկանները փակել են Հաղթանակի պողոտա տանող ճանապարհները: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզային ոստիկանության պետ՝ Կարեն Բաբակեխյանը, ինչպես նաեւ գազիֆիկացման եւ գազամատակարարման կառույցի աշխատկիցներ: