ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը տարածել է կուսակցության առաջնորդի ուղերձը` սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ։

«Սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարեւոր են, որքան համապետական ընտրությունները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամ պաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց:

Սիրելի հայրենակիցներ, Դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին, առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եք նրանց հետ, ու նաեւ նրանց բարեխիղճ աշխատանքից է մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը:

Ես կոչ եմ անում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի եւ համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուք կունենաք պահանջելու իրավունք:

Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր եւ կուսակցության առջեւ: Պատասխան են տալու իրենց արածի եւ չարածի համար: Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին: Մարդիկ երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմ մշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին:

Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբ կարող ենք մեր համայնքից սկսել արդար եւ ուժեղ Հայաստանի կառուցումը»,- մասնավորապես ասված է Ծառուկյանի ուղերձում: