Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» հրդեհը լուսաբանող լրագրողներին եւ օպերատորիներին առաջարկեց «ռադ լինել» ռեստորանի տարածքից, իսկ, երբ լրագրողները նշեցիք, որ եկել են դեպքի վայր հրդեհը լուսաբանելու եւ իր պարզաբանումը ստանալու համար, անցավ հայհոյանքների:

«Հարսնաքարում» գտնվող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը  տեսնելով, որ նոր սկանդալ է հասունանում, մոտեցավ լրագրողներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը բացառեց, որ ռեստորանը միտումնավոր է հրդեհվել: Նրա խոսքով, իմանալով հանդերձ նա շտապել է դեպքի վայր, բայց մանրամասներին դեռ չի տիրապետում:

Ռեստորանի աշխատակիցները, թեեւ հրաժարվում էին պարզաբանում տալուց, սակայն հավաքավածներից հաջողվեց պարզել, որ ռեստորանում հարսանիք է նախատեսված: Ավելին` նախնական պայմանավորվածությամբ հարսանիքը պետք է տեղի ունենար  փակ սրահում, սակայն հրդեհից հետո հյուրերին տեղափոխել են ամառային սրահ: 

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, քաղծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանից էլ  տեղեկացանք, որ անհայտ քաղաքացուց հրդեհի մասին ահազանգը ստացել են 19.50-ի սահմաններում, թե «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել: Հովհաննես Խանգելդյանը ասաց, որ ըստ նախնական գնահատումների այրվել է տանիք 300 քառակուսի մետր տարածք: Իսկ վնասների եւ հրդեհի առաջացման պատճառների մասին պարզ կլինի համապաատսխան տեխնիկան եզրակացությունից հետո: Հրդեհի հետեւանքով զոհեր եւ տուժածներ բարեբախտաբար չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե հրդեհը բռնկվել է մանղալի կայծից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 6 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք, հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ն, մարվել է 17.38-ին: Նախնական տվյալներով այրվել է 300 քմ տանիք: