Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ դրական գնահատելով անցած շաբաթվա ԱԻՆ աշխատանքը` նախարարը նշեց, որ անելիքներ դեռ շատ կան։ Մասնավորապես` անհրաժեշտ է ձեռք բերել ուղղաթիռով գետից ջուր վերցնելու 5 տոննանոց սարքավորում, արագ վերանորոգել ու տեխնիկապես հագեցնել Գառնիի դիտարանը, ԱԻՆ տարածքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող դայվինգի կենտրոն` ջրասուզակների մարզումների համար։
Նախարարության նորակառույց բազմահարկ մասնաշենքի բացումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի կեսին, հաշվարկներ են արվել մյուս մասնաշենքերի ամրացման եւ վերակառուցման վերաբերյալ։ ԱԻ նախարարությունը շուտով կստանա «ԶԻԼ 131» եւ «ԳԱԶ 66» մակնիշների 10 ամենագնաց արտաճանապարհային ավտոմեքենա եւ շարժական 4 էլեկտրակայան։
Խորհրդակցությանը ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ օրերս Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել իրենց կողմից ներկայացված ծրագրին, ըստ որի 6 անգլիական արտադրության նորագույն թվային սեյսմիկ կայաններ կտեղադրվեն մայրաքաղաքի եւ ՀԱԷԿ-ի միջեւ ընկած տարածքում։ բացի այդ, շուտով մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ եւս 6 նոր սեյսմիկ կայանների տեղադրման ուղղությամբ կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ։ Դրանցից երկուսը կտեղադրվեն ՀՀ հարավային հատվածում, որտեղ դիտակայանների թիվը համեմատաբար քիչ է, երեքը` հանրապետության կենտրոնական մասում, մեկն էլ` հյուսիս-արեւմուտքում` Բավրայի մոտ։ Նախարար Ա. Երիցյանն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանությունը նախարարության գերակա ուղղություններից է, եւ հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնակչության իրազեկման խնդիրները` կանխելու անհարկի խուճապը։
Առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նախարարության առանձնացված ստորաբաժանումներում եւ դժվարմատչելի մարզային կայաններում` օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մի քանի օրվա ընթացքում ինտերնետ կապով ապահոված կլինեն հանրապետության բոլոր հրշեջ մասերը։
Օրերս ԱԻՆ համաբուժարանը ձեռք է բերել սարքավորումներ` աչքի կաբինետի եւ լաբորատորիայի համար։ Գնահատելով արված աշխատանքը` ՀՀ ԱԻ նախարարը Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կարեն Աթոյանին շնորհեց գնդապետի կոչում։




























