Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց երկհարկանի կրպակ կառուցելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա փոխանցմամբ` «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը սահմանված կարգով դիմել է Երեւանի քաղաքապետարան` սեպտեմբերի 26-ից-28 Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում «Երկրները մեկ հարկի տակ» գործարար էքսպո-փառատոն կազմակերպելու նպատակով, որը գործելու է ընդամենը երկու օր:

Ավելի վաղ «Իրական Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել` նշելով, թե այս պահին Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց երկհարկանի կրպակ են կառուցում: Բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:

Լուսանկարը` Ելենա Խաչվանքյանի