Վերջին մի քանի օրերին տեխնիկական խնդիրների պատճառով բավարար չի գործում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության անհատ ձեռնարկատերերի հաշվառման ծրագիրը, որը նախկինում գործել է անխափան: Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյան:

Նախարարի խոսքով` ձեռնարկվում են քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ:

«Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում եմ ձեր ներողամտությունը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ ավելի քան մեկ տարի առաջ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գործարկվել է մեկ պատուհանի սկզբունքը, եւ քաղաքացիները մեկ օրվա ընթացքում, առանց ավելորդ քաշքշուկների եւ ձգձգումների, որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառվելու հնարավորություն են ստացել: