Սեպտեմբերի 25-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ընդդիմադիր ազատական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի անդամ Բոբ Ռեյի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկեցին հայ-կանադական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացմանը, առանձնահատուկ շեշտվեցին երկու ժողովուրդների միջեւ առկա ամուր մշակութային կապերը:

Դեսպան Եգանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը` հայտնելով, որ հայկական կողմը միջազգային հանրությունից ակնկալում է աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող խաղաղ բանակցային գործընթացին: Դեսպանն ընդգծեց, որ Ռամիլ Սաֆարովի փոխանցումն ու ազատ արձակումը  խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված քայլ էր Ադրբեջանի ղեկավարության կողմից:

Ազատական կուսակցության առաջնորդի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը` նշելով, որ ստորագրված արձանագրություններն անարգվեցին Թուրքիայի կառավարության կողմից:

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Բոբ Ռեյին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ազատական կուսակցության անկողմնակալ դիրքորոշման համար` շեշտելով նույն կուսակցության անդամ Ջիմ Կարիջիաննիսի Լեռնային Ղարաբաղ այցելության եւ ԼՂՀ նախագահական ընտրություններում որպես դիտորդ հանդես գալու կարեւորությունը: