Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 2-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը` դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

Հյուրերն արդյունավետ  համարեցին Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի  գործունեությունը` նշելով, որ տպավորված են վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքով եւ պատրաստակամ են աջակցել դրանց առավել  բարելավմանը: Նշվեց, որ «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման»  ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները ճիշտ հունով են ընթանում, եւ  անհրաժեշտ է հետեւողական կերպով  շարունակել դրանք: Ամերիկյան կողմը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց տվյալների առավել ճշգրիտ եւ ամբողջական հավաքագրման  աշխատանքների, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերի վրա: 

Փոխվարչապետը նկատեց, որ ներկայումս նաեւ ուշադրություն է դարձվում աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի հետ կապված խնդիրներին: Մեծ է նաեւ երեւույթի նկատմամբ հանրային վերահսկողությունը, եւ թրաֆիքինգի ցանկացած բացահայտ դեպք արձագանք է գտնում, լուսաբանվում լրատվամիջոցներով:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ ամերիկյան կողմի պատրաստած` երեխաների հարկադիր աշխատանքի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Փոխվարչապետը նշեց, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ուսումնասիրել զեկույցում  բարձրացված հարցերը եւ կարեւորեց նման զեկույցներում օբյեկտիվ եւ թարմ տվյալների օգտագործումը:

Նա նաեւ ներկայացրեց վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները: