ԵԽԽՎ-ն սահմանել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթը եւ ԵԽ-ի անդամ երկրներին խնդրում է հետագայում իրավաբանական պարզաբանումների ընթացքում հաշվի առնել այդ  սահմանումը: Այդ մասին ասվել է գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրեսերի զեկույցում:

«Քաղաքական բանտարկյալ» եզրույթն ստեղծվել էր ԵԽ-ում անկախ փորձագետների կողմից, իսկ ընդհանուր սահմանումները հավանության էին արժանացրել բոլոր շահագրգիռ կողմերը` Նախարարների հանձնաժողովը եւ ԵԽԽՎ-ն: 

Ըստ զեկույցի` քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կատարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնական իրավունքներից մեկի խախտմամբ:

Քաղբանտարկյալ է նաեւ այն անձը, որը անձնական ազատությունից զրկվել է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ իրավախախտման:

Նման բանտարկյալներ են անվանվում նաեւ այն անձինք, որոնց բանտարկության տեւողությունը եւ պայմանները համարժեք չեն գործած իրավախախտմանը, նշվել է զեկույցում, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքական բանտարկյալ է համարվում նաեւ այն անձը, որին ձերբակալել են մնացածների համեմատ խտրականություն դնելով: