Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է  ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու  նպատակով Երեւան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի եւ Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլերը` նշելով, որ Երեւանն այսօր զարգացման լայն հեռանկարներ ունի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ կիսելով իրենց տպավորությունները Երեւանի մասին` հյուրերը հույս են հայտնել, որ համայնքային կապերն ու հնարավոր գործընկերությունը բարենպաստ դաշտ են ապահովում զարգացման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հյուրերի պատրաստակամությունը` համագործակցության եզրեր քննարկելու վերաբերյալ:

Կողմերը զրուցել են նաեւ միջմշակութային տարբեր հարցերի շուրջ եւ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր համատեղ ծրագրեր մշակել: