Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի զարգացումները, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին առնչվող հարցեր:
Կողմերն արձանագրեցին, որ անցյալ տարի սեպտեմբերին Երեւանում կայացած 12-րդ նիստից հետո զգալի եւ էական առաջընթաց է գրանցվել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում: Հատկապես ամրագրվեց ՀՀ-ԵՄ ԽՀԱԱԳ գոտու ստեղծման շուրջ բանակցային արդյունավետ գործընթացը եւ գրանցված առաջընթացը: Նիստի ավարտին կողմերը գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ:
Նշենք, որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների եւ նրա անդամ պետությունների միջեւ կնքվել է Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։
Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երեւանում եւ Բրյուսելում:





























