Ողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ. այս մասին է վկայում 2011 թվականին 125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումը:

Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։ Միջինացված արդյունքներով` իրենց երկրներում արդար ընտրություններին հավատում են կանանց 46, իսկ տղամարդկանց` 48 տոկոսը:

Հավատն արդար ընտրությունների նկատմամբ ավելի մեծ է զարգացած երկրներում, սակայն, միեւնույն ժամանակ, այսպիսի երկրներում ավելի հստակ է զգացվում տղամարդկանց եւ կանանց դիրքորոշումների տարբերությունը:

Կանանց եւ տղամարդկանց պատասխանների ամենամեծ տարբերությունը գրանցվել է Մալթայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայում։ Այս երկրներում ընտրությունների արդարությանը հավատացող կանանց թիվը 15-16 տոկոսով պակաս է տղամարդկանցից:

Բարձր եկամուտներ ունեցող երկրներում կանայք ավելի թերահավատ են: Այդպիսի երկրներում տղամարդկանց 61 տոկոսն է համոզված, որ ընտրություններն արդար են, իսկ կանանց շրջանում նման պատասխան տվել է միայն 53 տոկոսը:

Մինչդեռ ամենացածր եկամուտներն ունեցող երկրներում կանանց եւ տղամարդկանց տեսակետներում տարբերություն չկա` այս երկրներում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց 49 տոկոսն է հավատում ընտրությունների արդարությանը:

Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց  ընդամենը 7 եւ տղամարդկանց 12 տոկոսը: Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետեւ արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը: Հայաստանում  կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ:

Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44 տոկոս է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում՝ կանանց 54, իսկ տղամարդկանց 58 տոկոսը, հայտնում է «Ազատություն»-ը: