NEWS.am-ը ներկայացնում է  ամերիկյան «The Herald» -ում հրապարակված Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հոդվածը.

Մի քանի տարի առաջ Ադրբեջանը Լոս Անջելեսում հյուպատոսություն հիմնեց` ամերկահայերի դեմ պայքարելու համար: Այդ նպատակով Ադրբեջանը չարամիտ քարոզչության մարտավարություն է կիրառում, ինչպես վերջերս «Հայաստանը տանուլ է տվել պատերազմը» խորագրով հոդվածի հրապարակումը: Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի կողմից գրված հոդվածը հնարավոր է եղել հանրությանը ներկայացնել թանկարժեք PR ընկերությունների միջոցով:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ ի հայտ եկան մի շարք ինքնիշխան պետություններ, այդ թվում ` Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանն ու հայերը բազմիցս են Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող կեղտոտ արշավների զոհ դարձել:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բարձր գին է վճարել իր անկախության համար, սակայն նվաճել է իր սեփական ժողովրդավարական ինստիտուտները ընտրելու եւ ազատ երկրում իր երեխաներին մեծացնելու իրավունքը: Այնտեղ ապրող, աշխատող եւ երկիրն առաջ տանող սերունդն այսօր 21 տարեկան է եւ ադրբեջանական օկուպացիա չի տեսել: Եւ այդ սերունդը երբեք չի հանդուրժի Ադրբեջանի կառավարումը` բռնապետական ռեժիմով եւ այլատյացությամբ:

Մեջբերելով մի քանի կասկածելի վիճակագրական թվեր` ցույց տալու համար Հայաստանի խոցելիությունը, ադրբեջանցի հյուպատոսը չի կարող հասկանալ, թե ինչն է Հայաստանի ուժի հիմնարմատը: Մեր տառապալից պատմության շնորհիվ մենք վաղուց գլոբալ ազգ ենք դարձել` գլոբալ հետքով: Մենք ամուր կապերով կապված ենք մնում մեր հայրենքիին, նրա խնդիրներով եւ հաջողություններով այն աստիճան, որ Հայաստանի հարցերը, այդ թվում` «սառեցված հակամարտությունը»  հաճախ ներքին խնդիր են դառնում երրորդ երկրներում:

Ադրբեջանը պետք է փորձի հաղթահարել իր պաթոլոգիական մեծամտությունն ու հասկանա, որ սպառնալիքի պարագայում ողջ աշխարհի հայերը կմոբիլիզացվեն եւ միասնական կկանգնեն` Հալեպից մինչեւ Սան Պաուլո:

Ադրբեջանի կառավարությունը Հայաստնի նկատմամբ առավելության աղբյուր է նկատում իր նավթային պաշարները: Նավթը հարստություն կարող է լինել պատասխանտու կառավարում եւ քաղաքացիական հասարակություն ունեցող ցանկացած երկրի համար: Ադրբեջանի համար դա անեծք է, Ալիեւների դինաստիայի միանձնյա կառավարման համար ռեսուրս, եւ միայն դրա փոքր մասն  է ուղղվում երկրի մարդկային պոտենցիալին:

Պատերազմը ոչ մեկի շահերից էլ չի բխում: Ադրբեջանի ժողովուրդը չպետք է մոլորեցվի բարեկեցության եւ ռազմական հզորության զգացմունքներով: Նրան չպետք է կուրացնի թշնամանքն  ու այլատյացությունը,  չպետք է ընդունի իր կառավարության ռազմատենչ գործողությունները, ովքեր ներում են շնորհում եւ փառաբանում ստոր մարդասպանին:

Հայաստանը հետագայում եւս  հենվելու է իր ժողովրդական զանգվածների եւ իր համեմատական առավելության` իր ժողովրդի ու կենսունակ եւ ժողովրդավարական պետություն ստեղծելու ցանկության վրա:

Հայաստանում եւ ողջ աշխարհում մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կվերանայի Հայաստանի պոտենցիալի եւ իրական ուժի վերաբերյալ իր գնահատականները ` դրանով ազատելով բոլորիս մեծ արյունահեղություններից ու ավերից: