«Ֆրանսիան ճանչում է ալժիրցիների ջարդը»,-երեկ Ելիսեյան պալատից նման հայտարարություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիական թերթերը գրում են, որ 51 տարի առաջ՝  1961 թ. հոկտեմնբերի  17-ին,  Փարիզում ֆրանսիական ոստիկանական ուժերը արյան մեջ խեղդեցին ալժիրցիների ցույցը, ովքեր Ֆրանսիայի իշխանություններից պահանջում էին անկախություն տալ Ալժիրին: Ոստիկանական ուժերի բաց թողած կրակի հետեւանքով հարյուրավոր ցուցարարների զոհվեցին:

«Այսօր պաշտոնական Փարիզն ընդունում է այդ իրադարձությունների փաստը եւ ճանաչում ալժիրցիների ջարդը»,- նշված է Օլանդի հայտարարության մեջ:

Օլանդը Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով ճանաչեց 1961 թ-ի դեպքերը: Դեռեւս անցյալ տարի` ջարդի 50-ամյակին, Օլանդը՝ որպես սոցիալիստների կողմից առաջադրված նախագահի թեկնածու, իր հարգանք է մատուցել զոհերի ընտանիքներին: Իսկ արդեն նախագահ ընտրվելուց հետո Օլանդը պաշտոնապես է ճանաչել եղած իրողությունը:

Օլանդի այս քայլը քննադատաբար է ընդունել պահպանողական «Միություն հանուն ժողովրդարության շարժում» կուսակցությունը: Մասնավորապես կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Քրիստիան Յակոբը չի համաձայնվում այն մտքի հետ, որ «Ֆրանսիայի ոստիկանությունը, իսկ դա նշանակում է, ոստիկանության հետ մեկտեղ ողջ պետությունը մեղադրվում է»: