Այն Հայաստանը, որ դուք կառուցել եք, շատ է տարբերվում այն երկրից, որը երկու տասնամյակ առաջ լքեց Խորհրդային Միությունը: Բայց միեւնույն ժամանակ, կան բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: «Եվ ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն նախագահ, որ միասին աշխատելով մենք կարող ենք դիմագրավել այդ մարտահրավերներն ու լուծումներ գտնել»,-ավելացրել է Էրիկ Ռուբինը:

Հանդիպմանը նրանք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց եւ փոխվստահության պայմաններում:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորվել է նաեւ Միացյալ Նահանգներում հայ համայնքի դերը: Էրիկ Ռուբինը գոհունակությամբ է փաստել, որ պատիվ է ունեցել անցած 20 տարիներին, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, անձամբ աշխատելու ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, եւ շատ լավ գիտի, թե ինչ վերելք են ունեցել այդ հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականը նախագահ Սերժ Սարգսյանին նաեւ ներկայացրել է Երեւանում այսօր անցկացված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի քննարկումների արդյունքները եւ դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական:

Նրանք համակարծիք են եղել, որ աշխատանքային խմբի օրակարգում հասունացել է պահը՝ օգնության ծրագրերից անցնելու առեւտրի եւ ներդրումների խրախուսման: Հանդիպմանը անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ: