Հոկտեմբերի 11-ից 17-ը Հունաստանի Կոս կղզում տեղի ունեցավ Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություն, համանախագահությամբ Սասիմայի միտրոպոլիտ Գենադիոսի «Տիեզերական Պատրիարքություն» եւ Միջագետքի միտրոպոլիտ Եվստաթիոս Մաթա Ռոհամի «Ասորի Ուղղափառ Եկեղեցի», ընդառաջ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի, որը տեղի է ունենալու 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում:

Խորհրդակցությանը, որ հյուրընկալվել էր Կոստանդնուպոլսի  Տիեզերական պատրիարքության Կոսի եւ Նիսիրոսի միտրոպոլիտության կողմից, մասնակցում էին 37 միտրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, վարդապետներ եւ քահանաներ, ինչպես նաեւ աշխարհիկ աստվածաբաններ Ուղղափառ եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիներից:

Խորհրդակցության ընթացքում լսվեցին բանախոսություններ Եկեղեցու հաղորդութենական միության, խաղաղության եւ մարդու իրավունքների, բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության եւ այլ թեմաներով, ինչպես նաեւ քննարկվեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:

Հոկտեմբերի 13-ին ժողովականները նաեւ աղոթք բարձրացրին առ Աստված Երուսաղեմի Հայոց Թորգոմ պատրիարքի հոգու հանգստության համար:

Ժողովականները մասնակցեցին նաեւ Կոսի Սբ. Նիկողայոս տաճարում մատուցված պատարագին, այցելեցին եկեղեցական ծխեր եւ հանդիպումներ ունեցան հավատացյալների հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական հակամարգից հայտնում են, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ խորհրդակցության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից մասնակցում էր Տիկին Սալբի Էսքեջյանը: