Մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն, հայտարարել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: «Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, և կարծում եմ, որ միակ ելքն է սա: Իսկ եթե Միությունը այդ գործընթացի մաս է կազմում, մենք անպայման կարողանալու ենք հաջողությամբ լուծել այդ խնդիրը»,-ավելացրել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ անկախացումից ի վեր Միությունը ամուր կանգնեց դարերով երազած մեր երիտասարդ պետության կողքին, երկրաշարժի, պատերազմի, հարյուր հազարավոր փախստականների մարտահրավերին դիմակայող Հայաստանի կողքին կանգնեց:

«Հայրենիքն ու Սփյուռքը փոխշաղկապված են ինչպես մի կենդանի օրգանիզմ, և առանց մեկը մյուսին սատարելու չեն կարող առաջընթաց ունենալ, դիմակայել մարտահրավերներին: Ուրիշ ո՞վ կարող է և պետք է հոգ տանի աշխարհասփյուռ հայության մասին, եթե ոչ վերածնված Հայաստանի Հանրապետությունը, և ո՞վ պետք է սատարի հային ու Հայրենիքին, եթե ոչ կազմակերպված, համախմբված հայկական Սփյուռքը: Հայրենիքի և՛ հաջողությունները, և՛ բացթողումները, և՛ պարտությունները, և՛ հաղթանակները բոլորինս են: Մենք հպարտ ենք միմյանցով, ուժեղ ենք միասին և միասին էլ կառուցելու ենք համայն հայության երազած Հայրենիքը»,-ասել է նախագահը:

«Ուժեղ և միասնական է Սփյուռքը, ուրեմն առավել հզոր և ամուր է Հայրենիքը: Կայացած ու զարգացած է Հայրենիքը՝ հարատև է Սփյուռքը: Հայկական Սփյուռքն ունի Հայրենիքի հոգածության ու խնամքի կարիքը, և իհարկե, Հայրենիքը` Սփյուռքի կարիքը»,-նշել է Ս. Սարգսյանը: