«Մենաշնորհները տնտեսության ամենավատ ձեւն են: Այո Հայաստանում դա կա, քանի որ համապատասխան հանձնաժողովին չենք տվել այնքան լիազորություն, որ կարողանան սահմանփակումներ մտցնել մենաշնորհային ախորժակ ունեցողների համար»,- հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ այն տարածքներում, որտեղ մենաշնորհային դիրք ունեցող գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սուպերմարկետ է բացում, բոլոր փոքր խանութները փակվում են, նա պատասխանեց. «Այո, ճիշտ եք ասում, որ փոքր տնտեսվարողները կուլ են գնում, բայց մյուս կողմից Ալեքսանյանը վատ բան չի անում: Նա իր գործն է անում, իսկ մրցակցությունը դաժան բան է»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք ինքը միտում տեսնում է, որ մենաշնորհները, թեկուզ կամաց-կամաց, բայց ետ են քաշվում, Վ. Բոստանջյանն արձագանքեց. «Մենաշնորհը պարտադրված է լինելու ետ քաշվել: Եթե միտում չտեսնեմ էլ, միեւնույնն է գիտեմ, որ զարգացման այլ տարբերակ չկա»:



























