ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը ողջունեց հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ ջերմ  վերաբերմունքը տարիների ընթացքում վեր է ածվում գործնական ամուր  հարաբերությունների: «Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի բազմակողմ ուղղություններով խորացված համագործակցություն, որի ամենակարեւոր բաղկացուցիչներից է նաեւ ապակենտրոնացված մակարդակում փոխգործակցությունը»,-նշեց Ա. Գեւորգյանը:

 Նա  նկատեց, որ գործակցութան խորացման համար ավելի լուրջ նախադրյալներ են ստեղծվում. Հայաստանն այս տարի  դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  լիիրավ անդամ, ինչը փոխգործակցության,  գիտելիքների, փորձի փոխանակման նոր հնարավորություններ է ստեղծում:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ 2010թ. հոկտեմբերին Երեւանում անցկացված ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին  համաժողովին` նկատելով, որ այն եւս նպաստեց հարաբերությունների ինտենսիվացմանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Օ դը Սենի, Իլ դը Ֆրանսի, Ռոն Ալպի գործընկերներին` Հայաստանում բավականին արդյունավետ ծրագրերի իրականացման համար:  

Օ դը Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեւիյոնն անդրադարձավ Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության եւ Հայաստանի համայնքների միջեւ համագործակցությանը: Կազմակերպությունը, որը միավորում է 500 դեպարտամենտներ ու տարածաշրջաններ  եւ  3000 համայնքային միավոր, ըստ նրա, լավ հարթակ է փորձի, տեղեկատվության  փոխանակման համար:  Կազմակերպությունում հայ-ֆրանսիական 24 համագործակցություն է  գրանցված, եւ իրենք պատրաստ են ապակենտրոնացման  ֆրանսիական փորձը փոխանցել հայ գործընկերներին:

Նա նաեւ անդրադարձավ  Օ դը Սենի դեպարտամենտի եւ  Տավուշի մարզի համագործակցությանը եւ գյուղատնտեսության  զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերին` տեղեկացնելով, որ այցի ընթացքում Տավուշի մարզպետարանի հետ  համագործակցության  նոր համաձայնագիր է ստորագրվելու:  Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը  անդրադարձավ Երեւանում անցկացված ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին  համաժողովի  արդյունքներին` նշելով, որ  դրված նպատակների մի մասին արդեն հասել են: Նա տեղեկացրեց, որ  երկրորդ  համաժողովը նախատեսվում է անցկացնել  Վալանսում, հաջորդ տարի` Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում: Համաժողովի գլխավոր  թեման տարածքային զարգացումն է լինելու, եւ  անդրադարձ է  կատարվելու  չորս ուղղությունների` զբոսաշրջության,  համայնքներում տնտեսության  եւ գյուղատնտեսության զարգացմանը, մշակույթի եւ  կրթության ոլորտում համագործակցությանը:

Փոխվարչապետը նշեց, որ տարածքների զարգացումը Հայաստանի կառավարության գերակա խնդիրներից մեկն է, եւ վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է  դարձվում  այդ հարցին: «Ուրախ եմ,որ երկրորդ համաժողովի հարթակում այնպիսի հարցեր, ծրագրեր են  քննարկվելու եւ  ընդունվելու, որոնք կնպաստեն տարածքների զարգացմանը»,-ասաց նա` քննարկվող ուղղությունները հետաքրքրական եւ կարեւոր համարելով հայկական կողմի  համար:

Հանդիպմանը Լիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչն անդրադարձավ Երեւանի հետ փոխգործակցության ընթացքին, քննարկվեցին ապակենտրոնացված  գործակցությանն առնչվող այլ հարցեր: