Հայաստանյան գերատեսչությունների արտաբյուջետային միջոցներն այսուհետ վերահսկվելու են կառավարության կողմից:

Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ին կայացած նիստում փոփոխություններ է կատարել 1999թ. հունիսի 10-ի «ՀՀ պետական եւ այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման եւ վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշման ընդունումը պայմանավորված է բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների տնօրինման գործընթացի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությամբ ու ֆինանսական կառավարման ու վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշումը բացատրել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեում եւ այլ գերատեսչություններում կատարվածով: «Որովհետեւ վերջին օրերին բուռն քննարկման առարկա են դարձել արտաբյուջետային ֆոնդից պետական եկամուտների կոմիտեի տարեվերջին կատարած ծախսերը։ Ըստ էության, մենք չէինք կարողանում վերահսկել: Առաջին քայլը, որ մենք իրականացրեցինք, այն է, որ հրապարակային ենք դարձրել արտաբյուջետային բոլոր ծախսերը»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ այսուհետեւ բոլոր արտաբյուջետային ֆոնդերի համար միասնական ստանդարտներ կլինեն:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն ամանորին իր աշխատակիցներին պարգեւատրելու համար գնել էր 20 հատ թանկարժեք ժամացույց՝ յուրաքանչյուրը 1 միլիոն դրամ արժեքով։