Կանադայում ՀՀ դեսպանության անմիջական օգնությամբ, ՀՀ արտաքին գործերի եւ առողջապահության նախարարությունների օժանդակությամբ Հայաստանում վերջերս հաջողվեց գործարկել առաջին հայ-կանադական գերժամանակակից կլինիկան: Տորոնտոբնակ բժիշկ Վարդգես Ավագյանի անձնվեր ջանքերով ստեղծված բուժհիմնարկում աշխատում է ութ բժիշկ եւ 10 խորհրդատու:

Հայաստանում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ աշխատող առաջին կլինիկան համագործակցում է Հայաստանի լավագույն հիվանդանոցների եւ ապահովագրական ընկերությունների հետ եւ առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ ուրոլոգիա, գինեկոլոգիա, սոնոգրաֆիա, ընդհանուր ընտանեկան բժշկություն: Հատկապես մասնագիտացված է կլինիկայի ուրոլոգիայի բաժինը, որը, հագեցած լինելով լավագույն ժամանակակից սարքավորումներով, միակն է տարածաշրջանում, որ առաջարկում է ոչ-ինվազիվ ուրոլոգիական հետազոտություններ:

Մեփլ Լիֆսը անմիջականորեն համագործակցում է Կանադայի եւ Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ եւ անհրաժեշտության դեպքում ստանում հրատապ խորհրդատվություն: 

Համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ բուժհիմնարկը նաեւ շարժական բժշկական ծառայություններ է մատուցում Հայաստանի շրջանների բնակչությանը: Վերջերս կլինիկայի բժիշկները իրականացրել են Քաջարան քաղաքի 192 բնակիչների բուժզննում: