Սկսվել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անձնակազմի պլանային փոխարինումը: Զորակոչով զինծառայություն անցնողների 150 հոգանոց առաջին խումբը հոկտեմբերի 26-ին ժամանել է Երեւան: Այդ մասին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Զորացրված զինվորականներին փոխարինելու են եկել ուսումնական կենտրոններում պատրաստականություն անցած սերժանտներ եւ զինվորներ՝ դիպուկահար, վարորդ-մեխանիկ, օպերատոր, ռմբարկու եւ հետախույզ մասնագիտացումներով: Նախատեսվում է փոխարինել երեք հազար մարդու:
Թեկնածուներին ընտրելիս նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր ցանկացել են զինվորական ծառայությունն անցնել արտասահմանում՝ բարձր լեռնային պայմաններում։ Ընդ որում հաշվի են առնվել նրանց ֆիզիկական եւ բժշկական ցուցանիշները:
Ապահովության եւ լեռնային պայմաններին հարմարվելու նկատառումներից ելնելով՝ նորակոչիկներն առաջին 15 օրերին կազատվեն ծառայողական եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Զորքերի փոխարինումն ու համալրումը կավարտվի նոյեմբերի վերջին ՝ մինչեւ նոր ուսումնական շրջանի սկիզբը։ Պլանային փոխարինման այդ ժամանակահատվածում ռազմակայանի անձնակազմի քանակը չի փոփոխվի:





























