Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը ս/թ հոկտեմբերի 29-ից հայտարարում է Չիվնինգի կրթաթոշակներ ծրագիրը:
Չիվնինգի կրթաթոշակները ֆինանսավորվում են ՄԹ Արտաքին գործերի նախարարության եւ համագործակցող կազմակերպությունների կողմից: Այն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում եւ այս տարի աջակցելու է մոտ 700 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին եւ ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրարգիր:
Հայաստանի համար այս տարի սահմանվել են հետեւյալ առաջնային ուղղությունները.
• Իրավունք եւ իրավագիտություն
• Հանրային կառավարում, հանրային քաղաքականություն եւ կառավարում
• Քաղաքագիտություն եւ հասարակագիտություն
• Տնտեսագիտություն
• Միջազգային կապեր
• Բիզնես եւ նորարարություն
Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար որեւէ տարիքային սահմանափակում չկա, անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի եւ ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.chevening.org կայքի Հայաստանի համար նախատեսված էջում:
Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանական դեսպանատան եւ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայաստանի դիմորդների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ-ի Հունվարի 2-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարելի է դիմել Երեւանում Բրիտանական դեսպանատան Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար՝ Լիլիթ Քալանթարյանին 091416479 հեռախոսահամարով, կամ գրել՝ [email protected]:
Նշենք, որ Չիվնինգի կրթաթոշակները բրիտանական կառավորության գլոբալ կրթաթոշակային ծրագիր է, ֆինանսավորվում է ՄԹ Արտաքին գործերի նախարարության կողմից:
Չիվնինգի ծրագիրը սկսվել է 1983թ-ից, ընդգրկում է աշխարհի 116 երկիր: 2011-2012-ին 700 հոգի ամբողջ աշխարհից արժանացել են այս կրթաթոշակին: Ընդհանուր առմամբ Չիվնինգը ունի 41,000 շրջանավարտ:
Հավելյալ տեղեկատվության համար այցելեք Չիվնինգի պաշտոնական կայք էջ www.chevening.org:





























