ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին գոհ է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի որոշումից, ըստ որի` իր հետ կապված միջադեպի առնչությամբ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները: «Էթիկայի հանձնաժողովը արեց այն, ինչ հնարավոր էր: Չեմ կարծում, որ այլ լիազորություն ունի, որ չի արել, հետեւաբար` չեմ կարող ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը բավարար չհամարել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:
Այդ միջադեպի առնչությամբ նա դիմել է եւ ոստիկանություն, եւ դատախազություն, որոնք իր պահանջը չեն բավարարել, փորձել է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով, այժմ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում: «Եթե իմ պահանջը չբավարարվի, ես կշարունակեմ իմ բողոքը մինչեւ Եվրոպական դատարան»,- նշեց նա:
Նշենք, որ ԱԺ-ի Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումում մատնանշած միջադեպի առնչությամբ որոշել է, որ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները: Այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնել էր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի 6 անդամներից քվեարկությանը ներկա են եղել 5-ը, որոնցից 4-ը քվեարկել են որոշմանը կողմ, իսկ մեկը՝ ձեռնպահ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների:Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը:Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել:Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն։ Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է:





























