Հոկտեմբերի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով: 

Ժողովի սկզբում Գարեգին Բ-ն արդյունավետ աշխատանք է մաղթել ժողովականներին: Նա ողջունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին: Գերագույն հոգեւոր խորհրդին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել Պատրիարքական տեղապահ Արիս Սրբազանը: Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել պատրիարքական տեղապահին եւ Երուսաղեմի զինվորյալ միաբանությանը՝ մաղթելով, որ Աստված զորավիգ լինի Երուսաղեմի Ս. Աթոռին եւ օգնական` տեղապահ Սրբազանին` կազմակերպելու պատրիարքական առաջիկա ընտրությունները: Ժողովականները մտահոգությամբ անդրադարձել են Սիրիայում շարունակվող ողբերգական իրադարձություններին` ցավով արձանագրելով Սիրիայի ժողովրդի եւ սիրիահայ համայնքի կրած կորուստները, ինչպես նաեւ օրեր առաջ Հալեպի Ս. Գեւորգ հայկական եկեղեցու հրդեհման պարագան:

Քննարկվել են սիրիահայությանը զորակցելու ուղիներ, կարեւոր է նկատվել նաեւ, որ եկեղեցական եւ ազգային կառույցները օգնություն ցուցաբերեն Հայաստանում ապաստան գտած հայորդիներին: Ծանուցվել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն արդեն 200 հազար դոլար օգնություն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` սիրիահայության կարիքները հոգալու համար, իսկ Մայր Աթոռում գործող Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը օգնություն է ցուցաբերելու Հայաստանում գտնվող սիրիահայերին:Գերագույն հոգեւոր խորհուրդը քննության է առել նաեւ մի շարք կարգապահական հարցեր, ի մասնավորի` թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանների` հնգամյա ծառայության ավարտին Մայր Աթոռ վերադառնալու պարագան եւ Հայաստանի թեմերի հոգեւոր հովիվների` սպասավորության վայրերում բնակության խնդիրը: Պարտադիր է  համարվել, որ Հայ Եկեղեցու տարբեր թեմերում սպասավորող միաբանները հնգամյա սպասավորությունից հետո անպայման վերադառնան Մայր Աթոռ Ս. Էջմիածին: ժողովականները շեշտել են նաեւ թեմերի քահանաների պարտադիր բնակության անհրաժեշտությունն իրենց հովվության տարածքներում, ինչը պայման է թեմերում ծխական կյանքի աշխուժացման: Այս խնդիրների առնչությամբ ԳՀԽ-ը որոշել է, որ անհնազանդ եկեղեցականների նկատմամբ կիրառվեն վարչական պատիժներ` ընդհուպ մինչեւ կարգալուծություն: Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ հորդորել է ՀՀ եւ Սփյուռքի լրատվամիջոցներին` զերծ մնալու հոգեւոր կոչումից զրկված` կարգալույծ եղած անձանց քահանայական անվամբ ներկայացնելուց` ընդգծելով, որ նման երեւույթները տեղիք են տալիս թյուր ըմբռնումների հավատացյալների շրջանակում եւ չեն բխում մեր Եկեղեցու եւ ժողովրդի շահերից: