Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել եւ անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։

Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա եւ կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։

Շրջելով ցուցասրահում եւ ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր եւ երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարեւոր է նման վերաբերմունքը եւ այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։

Անուշը, ի նշան երախտիքի, իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երեւանի քաղաքապետին։